20.04.2017
Սպայկան $70 մլն կներդնի սննդի արտադրության ու առաքման ոլորտում
Սպայկան $70 մլն կներդնի  սննդի արտադրության ու առաքման ոլորտում

«Սպայկա» ընկերությունը մի քանի խոշոր ծրագիր է նախաձեռնել 2017-ին, որոնց իրականացման համար նախատեսվում է բացել 300 նոր աշխատատեղ: Այդ մասին հայտարարել է «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:


Բացի աշխատատեղերից, ըստ Բաղդասարյանի, ընկերությունը Հայաստանում այս տարի պատրաստվում է ներդնել 70 մլն դոլար: «Այդ ծրագրերի մեջ մտնում են պանրի գործարանը, կաթի արտադրության և վերամշակման գործարանը, ավելի քան 20 հա ջերմոցներ, Armzon նախագիծը, որը ենթադրում է օնլայն գնումներ ու մատակարարումներ է իրականացնելու դեպի Ռուսաստան՝ վերջնական սպառողին, և ինտենսիվորեն հիմնադրվելու են այգիներ՝ ավելի քան 1000 հա», - ծրագրերը ներկայացրել է Բաղդասարյանը, հայտնում է Aysor.am-ը:


«Ուսումնասիրելով Ռուսաստանի շուկան՝ հսկայական պոտենցիալ տեսանք: Ներկայումս արդեն իսկ պայմանագրեր են կնքվել՝ Հայաստանից տարեկան ավելի քան 1000 տոննա բորբոսով պանիր արտահանելու նպատակով: Դրա համար էլ հենց կառուցվելու է այդ գործարանը», - ասել է Բաղդասարյանը:


Պանրի գործարանը գործելու է Կոտայքի մարզում: 2017-ին ընկերությունը պատրաստվում է կաթի արտադրության և վերամշակման համար ներդնել ավելի քան 18 մլն դոլար, գրում է Aysor.am-ը:
Նրա խոսքով, 2017 թվականի վերջից «Սպայկա»-ի շուկայի աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ դեպի Եվրոպական միություն և Մերձավոր Արևելք:


Ներկայացնելով Armzon օնլայն հարթակը «Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավարը նշել է, որ ռուսաստանցի սպառողը կարող է Հայաստանից պատվիրել ցանկացած ապրանք: Այն առավելագույնը երեք օրվա ընթացքում կհասնի պատվիրողին: Պատվիրել կարող են ցանկացած բան՝ արվեստի գործ, տեքստիլ կամ մթերք, գրում է Panorama.amը:
«Այսինքն Հայաստանում արտադրվող ամբողջ ապրանքները հասանելի կլինեն ռուսաստանցի սպառողին»,-նշել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր արտադրողները Armzon-ի միջոցով անմիջականորեն կարող են մուտք ունենալ ՌԴ քաղաքներ առանց միջնորդների ու սուպերմարկետների:


Պատվերի արժեքի մասին խոսելիս նա նշել է, որ գոյություն ունի փաթեթի մինիմալ արժեք, այն կազմում է 50 հազար դրամին համարժեք գումար: Արժեքում ներառված է նաև տրանսպորտի ծախսը: «Սպայկա» ընկերության արտադրանքը ևս ներկայացված կլինի հարթակում:


«Գները մոտ երկու անգամ ավելի էժան են լինելու, քան ՌԴ սուպերմարկետներում վաճառվող հայկական ապրանքների գները»,-վստահեցրել է ընկերության ներկայացուցիչը:
Նա հայտնել է, որ առայժմ Armzon-ը գործելու է միայն ՌԴ-ում, հետագայում՝ նաև ԵՏՄ անդամ այլ երկրներում: Armzon ծրագիրը կյանքի կոչելու համար ընկերությունը նախատեսում է ներդնել ընդհանուր առմամաբ 3 մլն դոլար:


Խոսելով 2016-ին կատարվածի մասին՝ Բաղդասարյանն ասել է, որ նախորդ տարվա ընթացքում «Սպայկան» ավելի քան 100 հազար տոննա արտադրանք է արտահանել Հայաստանից, իսկ 2017-ին այդ ծավալը առնվազն կպահպանվի: Ավելին, Բաղդասարյանի խոսքով, ծրագրում են այն 20 տոկոսով ավելացնել:



Աղբյուր` http://www.panarmenian.net/arm/news/237937/

http://www.aysor.am/am/news/2017/04/19/%D5%8D%D5%BA%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1/1247247