02.03.2018
ԱԶԲ-ն ստորագրել է վարկային պայմանագիր գյուղատնտեսության ոլորտում արտադրության և արտահանման ծավալների ընդլայնման նպատակով
ԱԶԲ-ն ստորագրել է վարկային պայմանագիր գյուղատնտեսության ոլորտում արտադրության և արտահանման ծավալների ընդլայնման նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (2018թ. մարտի 2) Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այսօր ստորագրել է 32 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ («ՍՊԱՅԿԱ»), որը Հայաստանում սննդամթերք արտադրող և արտահանող առաջատար ընկերություններից մեկն է: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման և արտահանման ծավալների ընդլայնման գործում:

 

Պայմանագիրը ստորագրել են ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը և «ՍՊԱՅԿԱ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը Երևանում տեղի ունեցած արարողության ընթացքում:
«Գյուղատնտեսությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ կազմելով երկրի համախառն ներքին արդյունքի 16%-ից ավելին, երկրի արտահանման ծավալների մեկ քառորդը, որն աշխատատեղեր է ապահովում երկրի աշխատուժի մեկ երրորդի համար», - ասել է պարոն Ռոզենթալը: «Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը «ՍՊԱՅԿԱ»-ի հետ ոչ միայն կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի հզորացմանը, այլև աշխարհին կներկայացնի Հայաստանի արտադրանքը որպես միջազգային կարգի արտադրանք»:

 

Այս ծրագիրը թույլ կտա ընդլայնել «ՍՊԱՅԿԱ» ընկերության գործունեությունը մասնավորապես գյուղատնտեսության և մատակարարման շղթայի կառավարման ոլորտներում՝ զարգացնելով 30 հեկտար տարածք զբաղեցնող վերահսկվող կլիմայական պայմաններով ջերմոցներ, որոնք հագեցված են կաթիլային ոռոգման համակարգերով և արտադրելու են լոլիկ ու բուլղարական պղպեղ: Արտադրանքն արտահանվելու է մասնավորապես ՌԴ և Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա համապատասխանում է կառավարության նպատակին՝ բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականությունը կլիմայի փոփոխության ռիսկերի համատեքստում՝ միևնույն ժամանակ ամբողջովին օգտագործելով ընկերության ներկայիս մատակարարման շղթան և հաճախորդների ցանցը:

 

«ԱԶԲ-ի կողմից տրամադրված վարկը կենսական նշանակություն ունի «ՍՊԱՅԿԱ» ընկերության զարգացման ռազմավարության համար: Ժամանակակից, կլիմայի փոփոխության նկատմամբ ճկուն նոր տեխնոլոգիական լուծումները տարածաշրջանում առաջին անգամ կօգտագործվեն, ինչը կօգնի խնայել էլեկտրաէներգիան և ջրային ռեսուրսները», - ասել է պարոն Ղազարյանը: «Այս վարկի օգնությամբ երկրում կստեղծվեն լրիվ հաստիքով հարյուրավոր աշխատատեղեր»:

 

Ակնկալվում է, որ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում 30 հեկտար զբաղեցնող, կլիմայական պայմանների վերահսկմամբ ջերմոցներում լոլիկի և բուլղարական պղպեղի տարեկան արտադրությունը կհասնի 10 միլիոն կիլոգրամի (կգ) և 2 միլիոն կգ համապատասխանաբար: Ծրագիրը նաև կօգնի ամրապնդելու Հայաստանի դիրքերը՝ որպես գյուղատնտեսական արտադրանքի հզոր արտադրող և արտահանող, և կնպաստի կառավարության՝ մասնավոր հատվածում աշխատատեղեր ստեղծելու նպատակի իրականացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի ընթացքում կստեղծվեն լրիվ դրույքով 275 նոր աշխատատեղեր:

 

2001թ.-ին հիմնադրված «ՍՊԱՅԿԱ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում սննդամթերքի առաջատար արտադրող, վերամշակող, արտահանող և լոգիստիկ ընկերություններից մեկը: Ընկերության մատակարարման շղթան ընդլայնվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն, ԱՊՀ-ի այլ երկրներ և Եվրոպայի որոշ հատվածներ: Ընկերությունը զբաղվում է նաև գյուղատնտեսական արտադրանքի, կաթնամթերքի, պահածոների մեծ տեսականու, փաթեթավորման արտադրության և փոխադրամիջոցների ծառայությունների վաճառքով, ներկայումս ունի 1173 աշխատող, որոնցից 60%-ը կանայք են, և արտադրանք է մթերում շուրջ 5000 ֆերմերներից Հայաստանում:


ԱԶԲ-ն, որը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցմանը՝ ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: Բանկը հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է 67 անդամների, որոնցից 48-ը այս տարածաշրջանից են:

 

https://www.adb.org/hy/news/adb-signs-private-sector-agri-loan-enhance-production-exports-armenian-produce

SPAYKA