07.11.2015
Նախագահն այցելել է մայրաքաղաքում գտնվող Սպայկա ընկերություն եվ Արարատի մարզի մի շարք ձեռնարկություններ
Նախագահն այցելել է մայրաքաղաքում գտնվող Սպայկա ընկերություն եվ Արարատի մարզի մի շարք ձեռնարկություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ընկերություն: Նախագահը շրջել է ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին, ըստ որոնց, 2015թ. «Սպայկա» ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել ավելի քան 40 մլն տարա տարեկան արտադրողականությամբ պտուղբանջարեղենի վերամշակման իտալական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասը, որը կապահովի հավելյալ 100 աշխատատեղ (ներկայումս ընկերությունն ունի շուրջ 300 աշխատակից): Արտադրամասի կառուցման համար կատարվել է մոտ 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ընկերությունը, ըստ պատասխանատուների, մտադիր է 2016-2017թթ. կրկնապատկել արտահանման ծավալները` ներգրավելով հավելյալ ներդրումներ՝ բեռնատար մեքենաների քանակի ավելացման, ջերմոցային տնտեսությունների և սառնարանային համալիրների ստեղծման նպատակով: 2015թ. նախատեսվում է նաև շահագործման հանձնել Վոլվո, Ռենո, Բերնարդ, Կրոնե և Կարիեր» ընկերությունների հայաստանյան ներկայացուցչության բեռնատարների, սառնարանային կիսակցորդների և ագրեգատների սպասարկման կենտրոնը, որը համապատասխան վերապատրաստում անցած մասնագետների միջոցով կապահովի լրացուցիչ 25 աշխատատեղ (ներդրումների ծավալը կկազմի շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար): Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև հիշյալ կենտրոնի կառուցման աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից 2010-2015թթ. գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում իրականացված ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների շրջանակներում ստեղծվել է հայկական թարմ և վերամշակված գյուղմթերքը միջազգային շուկաներում արդյունաբերական մասշտաբներով իրացելու կայուն մեխանիզմ:

Աղբյուր՝ http://www.president.am/

SPAYKA