07.11.2015
Գործարար. Հայաստանում սկսում են Եվրոպական ստանդարտներին համապատասխանող մրգեր աճեցնել
Գործարար. Հայաստանում սկսում են Եվրոպական ստանդարտներին համապատասխանող մրգեր աճեցնել

Հայաստանում արդեն սկսել են մրգերն աճեցնել եվրոպական ստանդարտներին  համապատասխան։ Այդ մասին նոյեմբերի  7-ին լրագրողներին հայտնել է «Սպայկա» ԲԲԸ-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ձեռնարկություն այցի ընթացքում։   

«Եվրամիությունում մանրածախ ցանցերը հիմնականում վաճառում են այնպիսի ապրանքներ, որոնք արտոնագրված են Global GAP համակարգում։ Հայաստանում դրանք նոր են սկսել ներդրվել, բայց որոշ արտադրողներ արդեն ներդրել են, մենք հենց նրանց հետ ենք աշխատում՝ փորձելով մեր տեղը գտնել եվրոպական շուկայում», - ասել է Բաղդասարյանը։  

Ընդհանուր առմամբ ընկերությունը 2015-ին կրկնապատկել է Հայաստանից թարմ մրգերի եւ բանջարեղենների արտահանումը՝  24 հազար տոննայով գերազանցելով ծավալը։  «Այս տարի մենք մոտ հազար տոննա նորելուկ կարտոֆիլ ենք արտահանել, ինչը, խոշոր հաշվով, նախկինում չէր արվում Հայաստանում։  Դա մեզ օգնեց երկարաձգել գնումների եւ արտահանման սեզոնը, ինչպես նաեւ մեր ֆերմերներին լրացուցիչ եկամուտ ապահովել», - հավելել է Բաղդասարյանը։  

Նշենք, որ Գյուղատնտեսության նախարարության հոկտեմբերի 26-ի տվյալների համաձայն,  2015-ի սկզբից ի վեր Հայաստանից   64,8 հազար տոննա թարմ միրգ ու բանջարեղեն է արտահանվել՝ 2014-ի նույն ժամանակաշրջանի  38,6 հազար տոննայի համեմատ։ Հիմնականում արտահանվել է խաղող, ծիրան, տանձ, խուրմա, ինչպես նաեւ կաղամբ, վարունգ եւ բողկ։ Արտահանման 84%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։

 

Աղբյուր՝ http://news.am/arm/news/294978.html

SPAYKA