21.04.2017
«Սպայկա» ընկերությունը նախատեսում է Հայաստանում ռոկֆոր տեսակի պանրի արտադրություն հիմնել
«Սպայկա» ընկերությունը նախատեսում է Հայաստանում ռոկֆոր տեսակի պանրի արտադրություն հիմնել

«Սպայկա» ընկերությունը  2017 թվականի ընթացքում նախատեսում է Հայաստանում ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել, որի արդյունքում կստեղծվի ավելի քան 300 աշխատատեղ:

 

   Ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը: Այսօր մենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելու ենք «Սպայկա» ընկերության 2017 թ. ներդրումային ծրագրերը: «Մենք մի քանի խոշոր ծրագիր ենք նախատեսել, որոնց արդյունքում ավելի քան 300 նոր աշխատատեղ է բացվելու, իսկ Հայաստանում ավելի քան 70մլն.  ԱՄՆ դոլարի ներդրում է արվելու»,- Արմենպրեսի հաղորդմամբ նշեց Բաղդասարյանը:

   Ընկերությունը նախատեսում է հիմնել պանրի գործարան, կաթի արտադրության և վերամշակման գործարան, ավելի քան 20 հեկտար ջերմոցային տնտեսություն: Հիմնվելու են ինտենսիվ այգիներ` ավելի քան 1000 հեկտար: 2017թ. մենք ընդլայնելու ենք մեր արտահանման շուկան: Պատրաստվում ենք մուտք գործել Եվրոպական միության և Մերձավոր Արևելքի շուկա: 2016թ. ընթացքում ընկերությունը 100 հազար տոննա ապրանք է արտահանել: 2017թ. այդ ծավալն առնվազն պահպանվել է, պլանավորում ենք եկող տարվա համար 20 տոկոսով ավելացնել: Կարեն Բաղդասարյանը նաև նկատեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը դրական է ազդել ընկերության գործունեության վրա:

   «Ուսումնասիրելով Ռուսաստանի շուկան` հսկայական պոտենցիալ տեսանք: Ներկայումս արդեն իսկ պայմանագրեր են կնքվել` Հայաստանից տարեկան ավելի քան 1000 տոննա բորբոսով պանիր արտահանելու նպատակով: Դրա համար էլ հենց կառուցվելու է այդ գործարանը»,- ասաց Բաղդասարյանը: Պանրի գործարանը գործելու է Կոտայքի մարզում: Այս տարվա ընթացքում ընկերությունը պատրաստվում է կաթի արտադրության և վերամշակման համար ներդնել ավելի քան 18մլն. ԱՄՆ դոլար:

    «Սպայկա» ընկերությունը ստեղծել է իր հիմնական ակտիվները 2008-2016թթ․–ին, որոնց միջոցով ճանաչելի է դարձել հայկական գյուղմթերքը արտասահմանյան մեծածախ և մանրածախ շուկաներում, կիրառելի  դարձրել եվրոպական արտահանման երաշխիքային գործակալությունների ֆինանսավորման մեխանիզմները Հայաստանում ներդրումների ներգրավման համար` ցամաքային ճանապարհով  բեռնափոխադրումների դաշտում զբաղեցնելով առաջատար դիրքեր ողջ  տարածաշրջանում: Այս ընթացքում  ընկերությունը կայացել է որպես տարածաշրջանի առաջատար ագրոհոլդինգ, ստեղծել ֆերմերներից թարմ  պտուղ-բանջարեղենի լայն ցանց ամբողջ ՀՀ տարածքում, մի շարք ապրաքատեսակների մասով    գերակշռող դիրքեր է գրավել ՌԴ մեծածախ և մանրածախ շուկաներում` մեծապես նպաստելով Հայաստանում ինտենսիվ այգեգործության ու ջերմոցաշինության զարգացմանը: 2016թ. դրությամբ ընկերության կատարած ուղղակի ներդրումները  կազմել են 86մլն ԱՄՆ  դոլար, այն ունի լոլիկի և վարունգի արտադրության 35 հա տարածքով ջերմոցային համալիր, 215 «Վոլվո» մակնիշի բեռնատար, 60 հա ինտենսիվ և 20 հա ծիրանենու ավանդական այգիներ և 923 մշտական աշխատող:

 

Աղբյուր՝ https://www.armenpress.am/arm/news/887371/spayka-ynkerutyuny-nakhatesum-e-hayastanum-rokfor.html

SPAYKA