06.04.2018
Տարին բարենպաստ է, նույնիսկ առաջ ընկած, սակայն իրական գնահատականը կտանք ցրտահարության ու կարկտահարության ռիսկերն անցնելուց հետո. «Սպայկայի» համար գյուղատնտեսական տարին արդեն սկսել է
Տարին բարենպաստ է, նույնիսկ առաջ ընկած, սակայն իրական գնահատականը կտանք ցրտահարության ու կարկտահարության ռիսկերն անցնելուց հետո. «Սպայկայի» համար գյուղատնտեսական տարին արդեն սկսել է

Գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի, տարվա ակնկալիքների և «Սպայկա» ընկերության առաջիկա ծրագրերի մասին Tert.am-ը զրուցել է ընկերության գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանի հետ։


-Պարո՛ն Անտինյան, արդեն մեկնարկել է գյուղատնտեսական սեզոնը։ Որպես գյուղմթերքի խոշորագույն արտահանող, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է սեզոնին պատրաստվել «Սպայկան» և ի՞նչ հաշվարկներ ու ակնկալիքներ կան այս տարվանից։

 

-Ինչպես գիտեք, գյուղատնտեսական սեզոնը «Սպայկայի» համար մեկնարկում է մարտից: Ընկերությունը ներկայացուցիչներ ունի բոլոր համայնքներում, որոնց միջոցով մշտապես հետևում է ֆերմերների կողմից իրականացվող ագրոտեխնիկական միջոցառումներին, տրամադրում անվճար խորհրդատվություն: Մասնագետները, հավաքած տեղեկության հիման վրա, գնահատում են ակնկալվող բերքի որակը, քանակը, ռիսկերը:

 

Արդյունքում վաճառքի բաժինը պլանավորում է, թե որ սուպերմարկետների հետ ինչ ծրագրեր կարելի է իրականացնել:

 

Անցյալ տարի մթերել ենք ավելի քան 100 հազար տոննա գյուղմթերք, որը մեր ներկա հնարավորությունների սահմանի կեսն է միայն։ Ծավալները հստակեցվում են կոնկրետ ապրանքի բերքահավաքից առաջ։ Այս տարի պլանավորում ենք մթերել ծիրան, դեղձ, սալոր, կեռաս, խաղող, տանձ, խնձոր, բանջարեղենից՝ կաղամբ, կարտոֆիլ, բազուկ և նեխուր։ Ընդ որում՝ որոշ ապրանքների արտահանման մեր տեսակարար կշիռը կազմում է 80-100 տոկոս։ Օրինակ` բողկ, լոլիկ, խաղող, կաղամբ, իսկ որոշ ապրանքների մասով մինչև 20 տոկոս, օրինակ՝ ծիրան, վարունգ և այլն։

 

Պետք է նշեմ, որ, ըստ կանխատեսումների, տարին բարենպաստ է այս պահի դրությամբ, նույնիսկ առաջ ընկած, սակայն կարող ենք իրական գնահատական տալ ցրտահարության ու կարկտահարության ռիսկերը անցնելուց հետո:


-Ասացիք, որ ընկերությունը ներկայացուցիչներ ունի Հայաստանի բոլոր համայնքներում։ Հետաքրքիր է իմանալ` ո՞ր համայնքներից է առավել շատ քանակի բերք արտահանվում։ Առհասարակ հետաքրքիր է նաև, թե ինչպես է ստեղծվում կապը ֆերմերային տնտեսությունների հետ և գործընկերային հարաբերություններն ինչ մակարդակի վրա են պահպանվում։

 

-Այս պահին կապն առավել ակտիվ է Տավուշի, Արարատի, Արմավիրի, Արագածի, Շիրակի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի հետ, թեպետ «Սպայկան» աշխատում է ՀՀ բոլոր մարզերի հետ, քանի որ բոլորն էլ շուկայի համար հետաքրքիր մթերքներ արտադրում են։ Նաև վստահ ենք, որ մեր աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնելու ենք առաջիկա տարիներին, որովհետև բոլոր մարզերի ֆերմերային տնտեսությունների և գյուղացիների կողմից մեզ հետ համագործակցելու հետաքրքրվածություն տեսնում ենք։

 

Մթերումների ծավալների մեծացումը հնարավորություն է տալիս ավելացնելու այգիներն ու ցանքատարածությունները, դրա համար ամենից կարևորը մեր ֆերմերներին հուսախաբ չանելն է։ Ինչպես գիտեք, «Սպայկա» ընկերությունը մթերման ժամանակ ոչ միայն ֆերմերների համար միանգամայն ընդունելի գին է առաջարկում, այլև գումարները վճարում միանգամից ապրանքն ընդունելիս, դրանով իսկ և՛ ապրանքի, մինչև դրսի սպառողին հասցնելու ռիսկերն է վերցնում իր վրա, և՛ փոխարժեքի տատանումների։ Ու դա այն դեպքում, երբ դրսի, հատկապես ՌԴ-ի, խոշոր առևտրական ցանցերի հետ աշխատելիս հանձնած ապրանքի գումարը ստացվում է 30-ից 120 օրվա ընթացքում:

 

Այսօր մեր երկրի գյուղմթերքի ծավալը մեծապես կախված է բնության քմահաճույքից, քանի որ ինտենսիվ այգիների տեսակարար կշիռը հեռու է բավարար լինելուց։ Ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք այդ տատանումներին, ճիշտ կազմակերպենք մեր աշխատանքը ու դրան զուգահեռ հավատ ներշնչենք մեր տնտեսվարողներին, որպեսզի համարձակություն ունենան՝ ավելացնելու իրենց կողմից արտադրվող մթերքի ծավալները, իհարկե, հաշվի առնելով նաև դրսի շուկայի պահանջներն ու ստանդարտները։ Մենք կազմակերպվածության շնորհիվ ծախսերը կկրճատենք, որպեսզի ռուսական շուկայում մրցակցությանը դիմանանք, միայն թե մթերքի որակը բարձր լինի։


-Հետաքրքիր է, թե «Սպայկան» ի՞նչ է անում այն մթերքը, որը արտահանման ենթակա չէ: Արդյո՞ք դա թողնում է ֆերմերին։

 

-«Սպայկա» ընկերությունն իր մասնագիտական խորհուրդներով օգնում է նաև ֆերմերներին, որպեսզի նրանք զբաղվեն այն մշակաբույսերով, որոնք տվյալ հողի ու տարածաշրջանի բնակլիմայական պայմանների պարագայում առավելագույն բերքատվություն կապահովեն։ Իհարկե, սա զուգակցելով դրսի շուկայում համապատասխան ստանդարտի ապահովման պարագայում իրացման ծավալների հետ։ Իսկ մթերման ժամանակ, երբ «Սպայկան» գնում է ոչ միայն այն մթերքը, որը համապատասխանում է արտահանման պահանջներին, այլև այն, որ կարող է իրացնել դրսում՝ պահածոների ձևով, սա ֆերմերին ազատում է լրջագույն հոգսից։


- Գիտենք, որ «Սպայկա» ընկերությունն աշխատում է նաև գյուղմթերքի սեփական արտադրության ուղղությամբ, ընդլայնվում են կիսաֆաբրիկատների, հյութերի ու պահածոների ոչ միայն արտադրության ծավալները, այլև տեսականին։ 2018-ին ի՞նչ աշխատանքներ են սպասվում այս ուղղությամբ։

 

-Նկատենք, որ ձեռք բերված արևմտյան արտադրության բարձրակարգ հոսքագծերի պարագայում, ընկերության արտադրած պահածոները մեծ պահանջարկ են վայելում ռուսական շուկայում։ Փաստորեն, բարձր որակի ապրանք արտադրելու, նաև՝ արդյունավետ կազմակերպված բեռնափոխադրման շնորհիվ, փոխհատուցվում է կոմունիկացիոն այն դժվարություններն ու ծախսերը, որ կրում ենք, երբ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ցամաքային սահման չունենք, ինչի արդյունքում ճանապարհածախսը մեծանում է։ Այո՛, ճիշտ եք, «Սպայկան» այս ձեռքբերումներով չի սահմանափակվում ու փորձում է ընդլայնել կիսաֆաբրիկատների, հյութերի ու պահածոների ոչ միայն արտադրության ծավալները, այլև տեսականին, ինչը հնարավորություն կտա նաև ավելացնելու տեղական պարենամթերք արտադրողներից մթերման ծավալները, որպեսզի նրանք ոգևորվեն ու իրենց վարակիչ օրինակով նպաստեն մշակվող հողատարածքների օր օրի ավելացմանը։ Մեզ համար ռազմավարական գերակա խնդիրն է օր օրի ավելացնել գյուղմթերքի սեփական արտադրության ծավալները՝ նախատեսված բացառապես արտահանման համար։ Դրան զուգահեռ՝ հնարավորինս շատ արտահանել մեր ֆերմերների մթերքը՝ թե՛ մթերում իրականացնելու միջոցով, թե՛ տրանսպորտային ծառայություններ մատուցելով։

 

Մեր ընկերությունը ջանում է ամեն տարի ավելացնել արտադրության ծավալները։ Սա նպատակ է, որին հավատարիմ ենք մնալու նաև գալիք տարիներին։ Իսկ Ձեր հարցին ցանկանում եմ ավելի ընդգրկուն պատասխանել ու թվարկել մի քանի ուղղությամբ 2018-ին «Սպայկայի» կողմից իրականացվելիք աշխատանքները։

 

Այս տարվա մայիսին իր աշխատանքը կսկսի բորբոսով պանրի գործարանը՝ ամսական 80-100տ արտադրողականությամբ։ Դա կապահովի 80 աշխատատեղ։ Շենիկ, Հաղթանակ և Ալափարս համայնքներում կառուցվում են ինտենսիվ այգիներ։ Կստեղծվի 300 աշխատատեղ։ Այգիների հակակարկտային համակարգի արտադրություն ենք հիմնելու, որտեղ կստեղծվի 30 աշխատատեղ։ Ջերմոցային նոր համալիր ենք կառուցում Նորագավիթում՝ ստեղծելով 1200 աշխատատեղ։ Ձեռք ենք բերելու 100 միավոր Volvo բեռնատարներ, ինչի արդյունքում կապահովվի 115 աշխատատեղ։

SPAYKA