Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Փաշինյանը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:
Տեղեկացվել է, որ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին: Սամբիել ապրանքանիշով պանրի տարեկան արտադրությունը կկազմի ավելի քան 2000 տոննա: Արտադրանքը սպառվելու է Հայաստանում, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներում:
Գործարանի կողմից տարեկան մթերվելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ: Ընկերությունը հիմնել է լաբորատորիա՝ կաթի որակի ստուգման համար:
Երկրորդ փուլում այս գործարանի հարևանությամբ ընկերությունը նախատեսում է կառուցել լրացուցիչ 2-րդ գործարանը կիսաչոր և չոր պանիրների տեսականու համար, ինչի նպատակով համատեղ ներդրումներ են նախատեսվում հոլանդական ներդրող ընկերության հետ: Երկրորդ փուլում արտադրվելու են հոլանդական ու շվեյցարական տեսակի բարձրակարգ պանիրներ:
Ներդրումների ընդհանուր չափը կկազմի մոտ 30 մլն դոլար, իսկ գործարանի արտադրողականությունը դրա շնորհիվ կավելանա ավելի քան 6 հազար տոննայով:
Աղբյուրը՝ https://www.azatutyun.am/a/29842991.html