logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն spayka@ spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

13.06.2019
Պոլիտեխնիկում կայացավ «Կարիերայի առաջին քայլեր» աշխատանքային տոնավաճառը
Պոլիտեխնիկում կայացավ «Կարիերայի առաջին քայլեր» աշխատանքային տոնավաճառը

Հունիսի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երկրորդ մասնաշենքի ճեմասրահում տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Աշխատաշուկայի և մասնագիտական կարիերայի կենտրոնի կողմից «Կարիերայի առաջին քայլեր» էքսպո աշխատանքային տոնավճառը, որին հրավիրված էին մասնակցելու շուկայի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ «Յուքոմ», GG, «ՎիվաՍելլ-ՄՏՍ», «Սպայկա», «Բիլայն», ShantTV և այլն: Աշխատանքային տոնավաճառը բաղկացած էր երկու մասից՝ ՏՏ և ինժեներական։

Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մուսայելյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ո․ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գ․ Վարդանյանը, ՀԱՊՀ պրոռեկտորներ Մ․ Բաղդասարյանը, Ռ․ Աղգաշյանը, Կ․ Արզումանյանը, ինստիտուտների տնօրեններ, աշխատակիցներ։

Ռեկտորի տեղակալ Գ․ Վարդանյանը ևս ողջունեց և շնորհակալություն հայտնեց գործատուներին, ուսանողներին և բոլոր ներկաներին։ «Պատահական չէ էքպո աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը հենց համալսարանում։  Սա այն բնական միջավայն է, որտեղ ուսանողները գեներացվում և մասնագետ են դառնում»,-նշեց նա։ Գ․ Վարդանյանը աշխատանքի տոնավաճառին հաջողություն մաղթեց և վստահություն հայտնեց, որ միջոցառումը կհաջողի։

Բացման խոսքով հանդես եկավ նաև Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ․ Բաղդասարյանը․ «Հարգելի ուսանողներ, գործատուներ, գործընկերներ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ռեկտորատի անունից ողջունում եմ ձեզ աշխատանքային տոնավաճառին մասնակցելու համար։ Լինելով Հայաստանի միակ տեխնոլագիական բուհը մենք կարևորում ենք ուսանողների և առաջատար տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների մշտական շփումը։ Այսօրվա հանդիպումը մի հարթակ է, որը նպատակաուղղված է դրա իրականացմանը։ Այն կարևոր է ոչ միայն ուսանողների, այլ նաև գործատուների համար։ Այսօրվա միջոցառումը նպատակաուղղված է մեր ուսանողների համար վճարովի պրակտիկա կազմակերպելուն, իսկ գործատուների տեսանկյոնից հնարավորություն է ընձեռելու ներկայացնելու իրենց թափուր աշխատատեղերը և այն միջավայրը, որտեղ հետագայում շրջանավարտները կարող են աշխատել։ Բոլորին մաղթում եմ հաջողություն և բեղմնավոր աշխատանք, բարի երթ», -նշեց նա։

«Այս ձևաչափը համարում եմ ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը թե՛ գործատուի, և թե՛ աշխատանք փնտրողի տեսանկյունից, քանի որ այստեղ գործատուն և աշխատանք փնտրողը գտնվում են նույն հարթակում: Այսօր տոնավաճառում գործատուները ներկայացնում են իրենց ընկերություններում առկա թափուր աշխատատեղերը, նաև մեր ուսանողների համար պատրաստ են ստեղծել պրակտիկայի հնարավորություն, և կարծում եմ՝ բազմաթիվ աշխատանք փնտրող ուսանողներ կօգտագործեն այս հնարավորությունը և կգտնեն իրենց գիտելիքներին ու հմտություններին համապատասխան աշխատանք»,-իր ողջույնի խոսքում նշեց ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի տնօրեն Կ․ Կոգարովը։  Նա նշեց, որ տոնավաճառին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկն է վերջիններիս կողմից մեկ կամ երկու ամիս տևողությամբ (հուլիս, օգոստոս) վճարովի (մինիմալ աշխատավարձի չափով) պրակտիկայի անցկացումը համալսարանի առնվազն մեկ ուսանողի համար։

«Ես շնորհակալ եմ, որ Պոլիտեխնիկական համալսարանը նման հնարավորություն է տվել մեզ։ Չնայած նրա, որ մենք մեծ ընկերություն ենք, ճանաչելիության խնդիր ունենք։ Մեզ համար շատ կարևոր է, որ ուսանողները մեզ ճանաչեն և ծանոթանան ընկերության ընձեռած բոլոր հնարավորություններին։ Այս պահին մեր ընկերությունում կան բազմաթիվ աշխատակիցներ Պոլիտեխնիկական համալսարանից, բայց մենք այսօր հուսով ենք, որ կգտնենք նոր տաղանդներ, քանի որ Պոլիտեխնիկական համալսարանում տաղանդավոր ուսանողների պակաս երբեք չի եղել» – ասաց «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ» հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Աննա Կոնջորյանը։

«Սպայկա» ՍՊԸ Անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար Շուշանիկ Սիրոյանն էլ նշեց․ «Կարծում եմ այս միջոցառումը և գործատուների, և երիտասարդ կադրերի համար շատ նպատակահարմար է և կարևոր։ Մենք այսօր մասնակցում ենք Պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպվող աշխատանքի տոնավաճառին, մեծ ակնկալիքներ ունենք նոր, երիտասարդ կադրերի ներգավելու հարցում։ Հույս ունենք մեր համագործակցությունը երկարատև կլինի, և այսօր ստեղծված բուհ-գործատու կապը գնալով կամրանա»։

Նշենք, որ Պոլիտեխնիկում աշխատաշուկայի տոնավաճառի շրջանակներում կտրամադրվեն լսարաններ, նախապես հայտարարված ժամին կազմակերպության մասին ուսանողության շրջանում թիրախային տեղեկատվություն տրամադրելու համար։

 

Աղբյուր՝ https://polytech.am/2019/06/13/%d5%ba%d5%b8%d5%ac%d5%ab%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%ab%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a1%d5%be-%d5%af%d5%a1%d6%80%d5%ab%d5%a5%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a1%d5%bc/

SPAYKA