logo

Հարգելի գործընկերներ, ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարցի, բողոքի, դիտողության  կամ առաջարկի դեպքում խնդրում ենք գրել հաղորդագրություն spayka@ spayka.com  էլ. հասցեին  կամ զանգահարել +374 10 444 470  հեռախոսահամարով:

18.03.2019
Այցելություն «Սպայկա» ընկերության ջերմատնային համալիր
Այցելություն «Սպայկա» ընկերության ջերմատնային համալիր

Ագրոնոմիական ֆակուլտետի «Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա» մասնագիտության առաջինից երրորդ կուրսերի ուսանողերը դեկանի պաշտոնակատար Արմենակ Տեր-Գրիգորյանի և մի քանի դասախոսների ուղեկցությամբ այցելեցին «Սպայկա» ընկերության Արտաշատի 55 հա զբաղեցնող ջերմատնային համալիր: Թեև Ագրարային համալսարանում արդեն երեք տարի է, ինչ բացվել է վերոնշյալ մասնագիտությունը, սակայն ուսանողներն առաջին անգամ էին այցելում ջերմատուն:

«Սպայկա» ընկերության ջերմատնային համալիրի ղեկավարությունն ու աշխատակիցներն ուրախությամբ ընդունեցին ապագա գործընկերներին. «Ուրախ ենք, որ մեր համալսարանում արդեն կա նման կարևոր մասնագիտություն, որը պատրաստում է ջերմատնային գործի մասնագետներ, այն արդիական և հեռանկարային մասնագիտություն է. քանի կա մարդկությունը, կլինի և գյուղատնտեսությունը, իսկ գյուղատնտեսության մեջ ամենից շահավետն այսօր ջերմատնային գործն է՝ բերք տարին 12 ամիս»,-ասաց ջերմատնային համալիրի գլխավոր գյուղատնտես Գևորգ Խաչատրյանը, որը 2015թ. ավարտել է ՀԱԱՀ «Ագրոէկոլոգիա» մասնագիտությունն ու գտել իր սիրելի գործը: 
Գևորգի հետ միասին «Սպայկա»-ի ջերմատներում աշխատում են ՀԱԱՀ նաև այլ շրջանավարտներ՝ ավագ գյուղատնտես Մհեր Դավթյանը, բույսերի պաշտպան Նարեկ Գանջարյանը և ուրիշներ, ովքեր մեծամասամբ ավարտել են Ագրոնոմիական ֆակուլտետը:

Նրանք սիրելի դասախոսների և համալսարանի ներկա ուսանողների հետ շրջեցին ջերմատնային համալիրում, ներկայացրեցին ջերմատնային գործի մանրամասները՝ ծանոթացնելով հիդրոպոնիկ եղանակով լոլիկի և վարունգի արտադրությանը, սնման և մշակության աշխատանքների մեքենայացմանը, ջերմատան միկրոկլիմայի ապահովման և կառավարման նորարարական եղանակներին, ժամանակակից կենսատեխնոլոգիական մեթոդներով մշակաբույսերի բազմացմանն ու խնամքին: Ջերմատան ծրագրերի համակարգող Ալեքսանդր Կույովդան էլ ագրարայինցիներին ծանոթացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով արտադրանքի և աշխատանքների որակի հսկողության արդիական մեխանիզմներին:

«Անչափ հետաքրքիր և ուսանելի այց էր, կարևոր էր, որովհետև կարողացա իմ սովորածը տեսնել իրականում և համադրել, բայց և հասկացա, որ գործնականում դեռ շատ բան ունեմ սովորելու»,-ասաց «Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Աննա Պետրոսյանը: Ուրախալի է, որ Աննան, այցելության ընթացքում աչքի ընկնելով մասնագիտական տեսական գիտելիքների լավ իմացությամբ, ջերմատանն աշխատանքի անցնելու առաջարկ ստացավ:

Ջերմատան աշխատակից մեր շրջանավարտները դասախոսների հետ քննարկեցին կրթություն-արտադրություն կապի խզման պատճառները՝ կարևոր համարելով ուսումնական պլանների արդիականացումը, կրթական գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու կիրառումը, պրակտիկաների ճիշտ և նպատակաուղղված կազմակերպումը: «Սպայկան պատրաստ է իր փորձը հաղորդել երիտասարդ մասնագետներին՝ հնարավորություն տալով լավագույններին հետագայում աշխատելու ընկերության ջերմոցային համալիրում»,-նշեցին ընկերության տնօրինության ներկայացուցիչները:

Այցի վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց նման այցելությունները դարձնել շարունակական՝ «ուսուցում արտադրությունում» սկզբունքով տեղում ուսանողներին վերապատրաստելու նպատակով:


Աղբյուր՝ https://anau.am/hy/about-us/2811-2019-03-18-13-52-59?fbclid=IwAR3ZFSFBobY9w3LgFDAjLq4-lXMC6PGLd9ElQVV3Z-PK_KmZJBL6WeRGLZw

SPAYKA